"Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագիր

«Ապագա» բարեգործական հիմնադրամի և  «Բարի մամա» հասարակական կազմակերպության կողմից համատեղ իրականացվող այս ծրագրի նպատակն է անել այնպես, որ յուրաքանչյուր երեխա ապրի ընտանիքում:
Ծրագրի շրջանակում մարզերում բնակվող 10 հաշմանդամություն ունեցող երեխաների մայրիկներ՝ ստանալով նոր գիտելիքներ և հմտություններ  կկարողանան ինքնուրույն ապահովել իրենց և երեխաների բարեկեցիկ կյանքը:
 
Հաճախ, ելնելով ծանր սոցիալական և հոգեբանական իրավիճակներից, կանայք ստիպված են լինում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին հանձնել մանկատուն: Այս ծրագիրը հնարավորություն կընձեռի հաշմադամություն ունեցող երեխաների մուտքը կանխարգելել նման հաստատություններ:
 
«Ապագա» բարեգործական հիմնադրամի և «Բարի մամա» հասարակական կազմակերպության կողմից համատեղ իրականացվող ծրագրի ընդհանուր տևողությունը 6 ամիս է, որի ընթացքում նախատեսվում է լավագույն մասնագետների ներգրավմամբ շահառուներին ուսուցանել տարբեր արհեստներ՝ կարուձև, մոմագործություն, դեկուպաժ, օճառի պատրաստում և այլն: Մայրերի կայունության ծրագրի ընթացքում նախատեսվում է մայրերին ապահովել իրենց սովորած արհեստի և ձեռքի  աշխատանքների պատրաստման համար անհրաժեշտ սարքերով ու նյութերով, ինչպես նաև նրանց զինել շուկայում իրենց ապրանքի իրացման  համար անհրաժեշտ գործիքակազմով, գիտելիքներով ու հմտություններով:
 
Ծրագրի ընթացքում ապահովվում է նաև մայրերի  կացությունը «Բարի տնակում»։ «Ապագա» հիմնադրամը ծրագիրը ֆինանսավորելուց զատ, ակտիվորեն կմասնակցի նաև մայրերի արտադրանքի իրացման գործընթացին. նախատեսվում է համագործակցություն հաստատել  վաճառքի տարբեր կենտրոնների հետ, վարել ֆեյսբուքյան էջ առցանց վաճառքի համար, մասնակցել տարբեր տոնավաճառների և այլն:
 
Այսպիսով  հիմնադրամը  կաջակցի մայրերին ստեղծել իրենց փոքրիկ բիզնեսը՝ կերտելով անհատ ձեռներեցության փոքրիկ մոդել, որ հետագայում կարող է կիրառվել նաև այլ շահառուների կողմից:
Գլխավորապես, աջակցելով մայրերի ֆինանսական կայունությանը և նպաստելով նրանց սոցիալական խնդիրների լուծմանը, այս ծրագրի միջոցով հիմնադրամը կնպաստի մանկան՝ ընտանիքում ապրելու և մեծանալու տարրական, բայց և կարևորագույն իրավունքի իրացմանը, իսկ հիմնադրամի կարևոր հավատամքներից մեկն էլ հենց դա է՝ բոլոր մանուկները պետք է ապրեն ընտանիքում: